27/04/2016 18:42
Պոպուլիզմը խեղդում է որոշ մարդկանց. Վարչապետը կոչ է անում ազնվանալ
Այսօր կառավարության հետ հարցուպատասխան ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, հարց ուղղելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հետաքրքրվեց.
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում թեժացումներից հետո ավելի տեսանելի դարձան մեր պետական կառավարման համակարգի բոլոր այն թույլ օղակները և վարվող քաղաքականության բոլոր այն բացերը, որոնք օր առաջ կարգավորման ու շտկման կարիք ունեն: Թերացումներ կան ոչ միայն ռազմական, այլև՝ ոչ ռազմական ոլորտներում: Տրամաբանական էր այս խորապատկերում ՀՀ ԶՈՒ պաշտոնյաների ազատումը: Արդյոք հանձնարարություններ տրվել են ձեր ենթակայության տակ գտնվող պետական այլ ինստիտուտներում ուսումնասիրություններ կատարելու և նմանատիպ ի՞նչ փոփոխություններ են նախատեսված իրականացնել առաջիկայում ռազմական ոլորտ չհանդիսացող, բայց ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող այլ պետական կառույցներում»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց, որ այս ամբիոնից պաշտոնապես հայտարարել է, որ քառօրյա պատերազմը շատ-շատ հարցեր, մտահոգություններ և անհարգի կոսմոպոլիտ քաղաքական գործիչների է ի հայտ բերել:
«Կարծում եմ, որ ԱԺ-ը, Կառավարությունը, կուսակցությունները, քաղաքական ուժերը և ինչու ոչ՝ քաղաքացիական հասարակությունը քննարկելու և քննադատելու, ինչպես նաև մտահոգվելու շատ խնդիրներ ունեն: Ինչ վերաբերում է կառավարության անելիքներին, ապա ասեմ, որ կառավարությունը միշտ նայում է դեպի ապագա՝ չփորձելով մոռանալ նաև անցյալը, դասեր քաղելով անցյալի բացթողումներից և շաժվել ժամանակին զուգընթաց: Այս արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է լինենք շատ զգոն, զգույշ և շատ պատասխանատու: Իհարկե, կառավարության և պատգամավորների միջև այդ պատասխասանատվության տարբերությունը զգալի է, բայց մեր յուրքանչյուր հայտարարությունը ներկայացնում է կոնկրետ պատասխանատվություն: Այն բոլոր բարեփոխումները, որ մենք նախատեսում էինք իրականացնել 2016 թվականին, դրանք վերանայվելու են: Մենք առաջիկայում կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ ենք նախատեսել և ինչ քայլեր ենք իրականացնելու անվտանգության ուղղությամբ»,- ասաց նա:
Թ. Պողոսյանն արձագանքեց, որ պետք է քաղաքական գործիչներին թողնել մի կողմ. «Դրանք են մերը, ուրիշը չունենք և ոչ ոք մեր լավը մեր ձեռքից չի վերցնելու, ոչ ոքի մեր վատը չենք տալու: Նույնը նաև կառավարությանն է վերաբերում, որի լավն ու վատն էլ է մերը... Ուրիշ չունենք... Բայց, պարոն վարչապետ, ե՞րբ սպասենք այդ փաթեթին»,- հետաքրքրվեց պատգամավորը:
«Չգիտեմ, այդ հարցը քննարկելու անհրաժեշտություն կառաջանա, բայց կոչ եմ անում բոլորին, որպեսզի ստեղծված իրավիճակը չօգտագործեն: Պոպուլիզմը խեղդել է որոշ քաղաքական գործիչների, իսկ դրանով ում ջրաղացին ենք ջուր լցնում, դեռ պարզ չէ»,- ի պատասխան ասաց վարչապետը:
Շարունակելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ գործընթացները դեռ զարգանում են, որը դրական ոչինչ չի հուշում:
«Կարծում եմ, երբ մի կողմից խոսում ենք համախմբումից, որ Սփյուռքը միասնական է, որ Արցախի անվտանգությունը նաև հայրենիքի անվտանգությունն է, մյուս կողմից էլ մենք այդ խոսքերը պետք է վերածենք գործի: Երբ անհրաժեշտ է, մենք պետք է իսկապես լինենք միասնական, ոչ թե օգտագործենք պահը և քարկոծենք ու ցեխ շպրտենք: Եթե իսկապես մտահոգված ենք, եկեք հավաքվենք և քննարկենք՝ առանց մամուլի, քանի որ երբ խոսափողը որոշ գործիչներ տեսնում են, միանգամից ուրիշ մարդիկ են դառնում: Մենք պետք է մեր խնդիրնրը փորձենք միասին լուծել: Կարծում եմ՝ կիսվելու, ազնվանալու անհրաժեշտություն կա»,- եզրափակեց խոսքը նա: