27/04/2016 16:55
Մ. Զախարովա. ԼՂ-ում առաջնահերթ խնդիրն ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտալն է
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտալն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն,
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր թեզի հաստատումն է, որը մենք բարձրաձայնել ենք նախորդ ճեպազրույցների ժամանակ. այժմ, ինչպես երբեք, անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել և գործը տանել դեպի կայունության վերականգնման»,- հայտարարել է Մ. Զախարովան:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում «խորապես համոզված են», որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման ձեռքբերմանը:
«Սկզբունքորեն կարևորում ենք ակտիվացնել առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքը»,- ասել է նա։
«Այժմ առաջնահերթ խնդիրն է, իհարկե, իրավիճակը հանգստացնելը, նոր ագրեսիա և նոր արյունահեղություն թույլ չտալը և, իհարկե, մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստի և՛ իրավիճակի հանդարտեցմանը, և՛ բանակցային գործընթացի վերսկսմանը։ Դրանք սկզբունքորեն կարևոր են»,- եզրափակել է խոսքը Մ. Զախարովան։