27/04/2016 15:14
Իշխանություններն ամեն ինչ արել են, որ ընտրությունների օրը բոլոր դժգոհությունները վերանան. ԲՀԿ պատգամավոր
ԱԺ-ում շարունակվում են ԸՕ վերաբերյալ քննարկումները: ԱԺ-ում այսօր դժգոհություններ են հայտնում մասնավորապես ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Ստեփան Մարգարյանի ելույթից հետո ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով ընդգծեց, որ ինքն անձամբ խանդավառված չէ ո՛չ ԸՕ այս նախագծով, ո՛չ էլ ՀԱԿ նախաձեռնած 4+4+4 ձևաչափով, և ոչ էլ այն հանգամանքով, որ ՀԱԿ-ը չի մասնակցում այս քննարկումներին: Նա առանձնացրեց մի քանի խնդիրներ և ընդգծեց, որ տեսնում է ընտրությունների երկրորդ փուլի հավանականություն:
«Ես կարծում եմ, որ ինչ չափի կոնսենսուս էլ լինի, պետք է մասնակցել ու կոնսեսուս ձևավորել: Մենք պետք է հասկանանք, որ այս երկրի զարգացման համար մենք քայլերով ենք առաջ շարժվում և ՀՀ-ն թռիչքաձև չի զարգանում ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական ոլորտներում, դրա համար պետք չէր հուսալ, որ հանկարծ մի օր կզարթնեինք ու ասեինք՝ էս ինչ լավ նախագիծ են բերել: Պետք չէ նման պատրանքներ ունենալ»,- ասաց նա:
Պատգամավորն առանձնացրեց երկու ուղղություն և ընդգծեց, որ Հայաստանին անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ:
«Առաջինը օրենսգիրքն է, որը պետք էր արտաքուստ կարգավորել, քանի որ դա կամրապնդի մեր դիրքերը և երկրորդը՝ ԸՕ կազմակերպման և անցկացման վարչարարությունը, որը թույլ կտա մեզ նորմալ աշխատել: Առաջին հայացիք՝ այդքան էլ դժգոհություններ չկան, բայց վարչարարության մասով՝ դրանք շատ-շատ են»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ ընտրությունների օրը բոլոր դժգոհությունները վերանան. «Ինչ կատարվի, կկատարվի նախընտրական փուլում, ինչպես եղավ Հրազդանի ընտրությունների ժամանակ: Փորձեցին այդ փուլում հասկանա, թե օրենքով ինչ լծակներ կան, որոնք կարող են ազդեցություն ունենալ»,- ընդգծելով, որ ոչ ոք չի հավատում, որ հաջորդ ընտրությունները իդեալական են լինելու. «Ուզենք, թե չուզենք իշխանությունների ու հասարակության ներքին հակադրությունն առաջանալու է»,- հայտարարեց նա:
Ամփոփելով՝ պատգամավորը հավելեց, որ քաղաքական իրական վիճակը ցույց է տալիս, որ այն շահերը, որոնք կենտրոնացած են տեղերից կենտրոն ձայներ բերելու վրա, չի ապահովելու 101 թիվը: «Անպայման երկրորդ փուլ է լինելու: Մարզեր կան, որ տարբերվում են իրարից: Մենք գիտենք, որ ռեյտինգային տարբերակը կախված է վարչական ռեսուրսի կարողությունից»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետք է կոնսեսուսի գնալ՝ ռիսկերը մեղմացնելու նպատակով: