27/04/2016 15:51
Մեր երկրում խնդիրը ոչ թե լավ կամ վատ օրենքներն են, այլ քաղաքական կամքի բացակայությունը. Նաիրա Զոհրաբյան
«Մենք որևէ պատրանք չունեինք, որ կոնսենսուս կլիներ: Վաղուց արդեն մեր քաղաքական մշակույթում փոխզիջումը, միմյանց տեսակետ լսելը դարձել է կարմիր գրքում գրելու ձևակերպումներ, իսկ որոշ քաղաքական ուժեր, կոնսենսուսի մասին խոսողներ, այդ քննարկումներին մասնակցում էին ընդամենը իմիտացիայի համար, որոնց նպատակն էր աղմուկը՝ որպես սուրճի հետ պարտադիր աքսեսուար, որ սոցիալական ցանցերում որոշ ռադիկալ աղանդավորական ստատուսագիրներ իրենց չմեղադրեին՝ կոնսենսուսի չգնալու համար: Մինչդեռ մեր մասնակցությունը իմիտացիոն չի եղել: Մեր 20 առաջարկների գերակշիռ հատվածը չի ընդունվել»: ԱԺ-ում ԸՕ քննարկման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ նախաձեռնած 4+4+4 ձևաչափով քննարկումներին, այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ որքան մոտենում են ընտրությունները՝ 2017 թվականը, որոշ քաղաքական ուժեր փորձում են հեռանալ և սպասարկել ոչ թե հանրության շահը, այլ միայն մտածել՝ ի՞նչ կգրեն իրենց մասին թերթերն ու սոցցանցերը:
Ըստ նրա՝ մեր երկրում խնդիրը ոչ թե լավ կամ վատ օրենքներն են, այլ քաղաքական կամքի բացակայությունը, որն օրեցօր ավելի ու ավելի է արմատավորվում: Պատգամավորն ընդգծեց, որ ԲՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություններին մասնակցեն մեկ քաղաքական փաստաթղթով, քանի որ տարբեր փաստաթղթերով մասնակցությունն իր հետ բերելու է տարատեսակ խնդիրներ: Սակայն, Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք դեմ չեն նաև մատնահետքով ընտրություններին, եթե իսկապես կարողանան բացառել կրկնաքվերակությունները: «Եկեք գոնե այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հրատապ լուծում, ստորագրենք միասնական փաստաթուղթ: Ես համոզված եմ, որ որևէ քաղաքական ուժ, որի նպատակը դեմագոգիան ու շոուն չէ, դեմ չէ, որպեսզի ընտրատեղամասերում ընտրական պրոցեսները տեսանկարահանվեն: Եվ, որքան մենք ձգձգենք դոնոր կազմակերպություններին դիմելը, այդքան այդ հնարավորությունն ի չիք է դառնալու»,- հավելեց պատգամավորը:
Կարևորելով ԸՕ՝ նա շեշտեց նաև, որ ինքն իրատես քաղաքական գործիչ է և կարծում է, որ, եթե անգամ բոլոր առաջարկները ընդունվեին ու ոսկերչական մակարդակի հասցված օրենսգիրք ունենայինք, որը բոլոր սողանցքները կփակեր, քաղաքական կամքի բացակայության պարագայում, միևնույնն է, լավ ընտրություններ չէինք ունենա: «Ես ռոմանտիկ չեմ և կարծում եմ, որ նույնիսկ ամենալավ օրենքով կարող ենք անցկացնել խայտառակ ընտրություններ: Հիշենք, 1990-ականները, երբ գոյություն չունեցող օրենսգրքով անցկացվեցին միակ արդար ընտրությունները: Ուզում եք 20 տառատեսակով հազար անգամ ցուցակները փակցրեք, միևնույն է այսօր ոչինչ չի փոխվելու, քանի որ ընտրակեղծարարության մենքենան մեզանում այնքան կեղծված է, որ ցանկացած իդեալական փաստաթուղթ կարող խեղաթյուրել»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց նաև, որ համաձայն չէ Վարդան Օսկանյանի հասցեին հնչեցված քննադատություններին. «Մեղավորը օրենսգիրք չի եղել, այլ քաղաքական կամքի բացակայությունը: Մենք իրապես անցել ենք կարմիր գիծը, շուտով երկիրն ուղղակի խաչ է քաշելու իր բոլոր հնարավոր հեռանկարների վրա: Երկիրը սպառել է այլևս անարդար ընտրություն անցկացնելու հնարավորությունը, իրապես սթափվելու ժամանակն է»: