27/04/2016 20:30
Հայաստանից որևէ գումար դուրս չի գալիս. Վաչե Գաբրիելյան
ՀՀ կառավարությունը տեղյա՞կ է, թե քանի կազմակերպություններ, գործարարներ, ու պետական պաշտոնյանեև են գրանցված օֆշորային կազմակերպություններում: Տիրապետո՞ւմ է արդյոք իրավիճակին և ի՞նչ քայլեր է ձեռնարկել ուսումնասիրություններ կատարելու ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Հայաստան է մտել շուրջ 730 մլն դոլար:
«Եթե այդքան գումար է մտել Հայաստան, կարելի է պատկերացնել, թե որքան գումար է մնացել այնտեղ: Իզուր չէ, որ միջազգային կազմակերպությունները խոսում են Հայաստան ներմուծված 9 մլդ դոլարի մասին»,- նկատեց պատգամավորը և նշեց, որ այս տարվա վերջին տվյալների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օֆշորներից իրականացված ներդրումների ծավալը գերազանցում է 2 մլդ դոլարը: «Այսինքն՝ այդ գումարները միլիարդներով դուրս են եկել Հայաստանից, լվացվել են, և հետ են եկել Հայաստան միլիոններով: Ասվածի ապացույցն է «Նաիրիտի» հետ տեղի ունեցածը: Հիշենք նաև «Սթար» սուպերմարկետների ցանցը: Եթե հետևենք ցանցին, ապա Հայաստանի խոշոր ընկերությունները հենց օֆշորային ընկերություններ են: Այսինքն՝ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ, բիզնեսմեններ օֆշորներում անօրինական կեղտոտ փողեր են լվանում»,- հայտարարեց պատգամավորը:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ տեղեկատվությունն ուշագրավ է, սակայն՝ ոչ հետաքրքրաշարժ:
«Ներդրումների իրական մասը, որ գալիս են Հայաստան, Ռուսաստան և այլ երկրներ՝ հիմնականում գալիս են այնպիսի ընկերություններից, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում: Իսկ եթե մենք սահմանափակենք այդ գոտիներից Հայաստան եկող գումարներն, ապա դրանով կարող ենք միայն խնդիրներ առաջացնել ներդրումներ ներգրավելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Դուք խոսեցիք Լյուքսեմբուրգի վերաբերյալ, որը վերջին՝ Որոտանի գործարքն էր, որը բավականին հայտնի ընկերություն էր: Այն ամերիկյան ընկերություն էր, որն ամերիկյան սխեմաների տեսակետից, որոշել են ոչ թե դուստր ընկերությունների կողմից գործարնք իրականացնել, այլ Լյուքսեմբուրգի»,- մանրամասնեց նա:
Փոխվարչապետը վստահեցրեց նաև, թե Հայաստանից որևէ գումար դուրս չի գալիս: «Որևէ փաստ չկա, քանի որ հնարավոր չէ դուրս բերել: Հնարավոր է դուրս գան և հետ գան, սակայն այն գումարները, որոնք ներդրվել են, որևէ առնչություն չունեն պետական փողերի հետ»,- ասաց նա:
Հ. Բիշարյանն էլ իր հերթին արձագանքեց, որ այս հարցը չէր բարձրաձայնի, եթե որոշ գործընկենր չառաջարկեին աշխատավարձերը տրամադրել բանակին: «Ես չեմ բացառում, որ փողերը դուրս են եկել հանքերի վաճառման արդյունքում, սակայն խնդիրն այն է, եթե կան այդպիսի մարդիկ, ապա ինչո՞ւ են վախենում այդ փողերը ծախսել իրենց երկրի ներսում: Ուզում եմ հասկանալ, թե կա՞ որևէ տեղեկանք, որով կարող ենք հետագայում մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ: Իմ այս անհետաքրքիր հարցի ձեր պատասխանը բավականին անհետաքրքիր էր»,- հավելեց պատգամավորը՝ կոչ անելով գոնե մեկ անգամ ազնիվ լինել և երկիրը այս վիճակից դուրս բերել:
Վ. Գաբրիելյանն էլ իր հերթին հավելեց, որ ազնվորեն պետք է թվերը ճիշտ ներկայացնել: «Այդ պարագայում կտեսնենք, որ նմանատիպ հոսքեր գոյություն չունեն: Պետք է ասեմ, որ պետք է գումարները բերել Հայաստան և աշխատեցնել, այստեղ որևէ սահմանափակում չկա, դրանից միայն բոլորը կշահեն: Ցանկալի չէ նաև գրգռել տնտեսական հետագա զարգացումները»,- եզրափակեց նա: