27/04/2016 14:33
Ներկայացված նախագիծը հիբրիդային տարբերակ է. Օսկանյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ ԸՕ նոր նախագիծը փորձում է կենտրոնանալ 3 հարթության վրա:
«Ընտրությունների մեխանիկան, կազմակերպչական հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված համամասնական ընտրակարգի կանոնակարգում, ԱԺ համակարգի էության սահմանում»,- իր ելույթում հայտարարեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր օրենք ունի իր ոգին ու տարրը:
«Ուզում եմ՝ այդ երեք հարթություններով քննարկել, թե ներկայացված այս նախագծի տեքստը համապատասխանո՞ւմ է այն ոգուն, որ պետք է այս օրենքն անցկացնել: Ո՞րն էր մղիչ ուժը, որ մենք գնում ենք ԸՕ փոփոխության: Այո, ունենք նոր Սահմանադրություն, բայց կա նաև այլ պատճառ. Հայաստանում ընտրությունները կեղծվել են՝ ընտրակաշառք բաժանելով, կառուսելներ ֆռացնելով, կրկնակի քվեարկություններով, բացակաների փոխարեն քվեարկելով: Այս բոլորը հաշվի առնելով՝ ուզում ենք, որ այս օրենքով այդ ամենը կարգավորել»,- ասաց նա:
Օսկանյանն ընդգծեց, որ ներկայացված նախագծով, այնուամենայնիվ այդ բոլոր հարցերը այսօր էլ շարունակում են չլուծված մնալ: Նա հավելեց, որ ընդդիմությունն ուզում էր քաղաքացիական հասարակության հետ բանակցություններում վերհանել դրանք, բայց իշխանությունները տապալեցին դա: «Ուզում եմ իմանալ, արդյոք այս օրենքը, որ ներկայացվել է, այդ խնդիրը լուծելո՞ւ է, թե ոչ: 4+4+4 ձևաչափով ուզում էին փոփոխություններն անել, սակայն դա ամբողջությամբ տապալվեց, բայց սա է այն հիմնական խնդիրը, որ ուզում ենք լուծել: Մենք դեռ ժամանակ ունենք և մեր ձեռքերը չենք լվանում: Մենք պետք է աշխատենք այդ 4 կետերի վրա և գոնե կարողանանք մասնակի կոնսեսուսի գալ»,- ասաց նա:
Խոսքն ուղղելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ պատգամավորը հավելեց, որ ներկայացված նախագիծը հիբրիդային տարբերակ է, ուրեմն նշանակում է՝ այն հարյուր տոկոսանոց համամասնական չէ: «Նշանակում է՝ կարող եմ պնդել, որ սա ինչ-որ տեղ հակասահմանադրական է: Օրինակ՝ ԱՄՆ-ում հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է, ու շատ լավ էլ աշխատում է, սակայն մեզ մոտ դա շահարկվում է: Եթե նախկինում մի հոգի էր փող բաժանում, ապա հիմա մի ընտրատարածքում հինգ-տասը հոգի են դա անելու՝ իրենց ռեյտինգը բարձրացնելու համար»,- եզրափակեց նա: