27/04/2016 16:27
Վարդան Օսկանյանը չի պատրաստվում որևէ մեկի հրաժարականը պահանջել
Թե «Համախմբում» կուսակցության ղեկավար կազմում ովքեր կընդգրկվեն, դա կորոշվի առաջիկա համագումար նիստում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով իր խոսքում նշեց նաև, որ պարզ չէ նաև, թե կուսակցությունն ով կղեկավարի: Պատգամավորը, սակայն, վստահեցրեց, որ կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունի:
«Այս նոր Սահմանադրությամբ մեր խորհրդարանական կառավարման ձևն արդեն խարսխվելու է կուսակցությունների ինստիտուտի վրա և այս կուսակցությունով մենք նոր մշակույթ ենք բերելու: Մենք համարձակորեն խոսելու ենք երկրի առջև ծառացած բոլոր խնդիրների մասին՝ թերությունների և ձախողումների, որոնց համար պետք է կոնկրետ լուծումներ առաջարկենք: Հաջորդ ընտրություններին մենք ներկայանալու ենք որպես առանցքային քաղաքական ուժ, որպեսզի հանդիսանանք իսկական այլընտրանք իշխանություններին»,- հավելեց նա:
Օսկանյանի խոսքով՝ կուսակցության կանոնադրության մեջ որևէ նոր բան չի լինելու, որը հակասի Սահմանադրությանը: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա նա վստահեցրեց, որ այդ հարցում լայն շրջանակ են ընդգրկելու: «Ես դիմելու եմ բիզնես շրջանակներին, հանդիպելու եմ ուսանողներին: Մենք պետք է մեր հասարակությունը ներգարվենք քաղաքական գործընթացներում: Մենք ձևացնում ենք, որ ժողովուրդը ներգրավված է քաղաքական գործընթացներին, բայց դա այդպես չէ: Ես ձեռնոց եմ նետելու կոնկրետ այդ խնդրին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե բիզնես շրջանակներն իշխանություն կողքին են, Վարդան Օսկանյանն արձագանքեց. «Դա իսկապես մարտահրավեր է, և ես փորձելու եմ իսկապես այդ տաբուն ջարդել: Չի կարելի թույլ տալ, որպեսզի երկրում բոլոր բիզնես շրջանակները լինեն իշխանություն կողքին: Դա անթույլատրելի է: Տարբեր բիզնեսի մարդիկ, տարբեր շրջանակներ ունենք, որոնք տարբեր խավեր են ներկայացնում»,- ասաց նա՝ նշելով նաև, որ նորաստեղծ կուսակցությունն իր առջև խնդիր է դնելու, որ իսկապես կրճատվեն փոքր ու միջին բիզնեսի հարկերը, իսկ գործարարները գան նաև իշխանության:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելո՞ւ եք, նա այսպես պատասխանեց. «Լա՜վ էլի, օդից ի՞նչ պահանջենք, չեմ հասկանում: Որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջելու, դա նշանակողների խնդիրն է, ով ինչ է արել»,- ասաց նա: