27/04/2016 19:30
Միհրան Պողոսյանի հետ կապված նախապատրաստվում են նյութեր. Նախարար
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հաշվի առնելով սահմանի շարունակվող լարվածությունը՝ կխուսափի իշխանություններին սուր հարցադրումներ ուղղելուց, բայց այդուհանդերձ հարց հնչեցրեց, որը վերաբերում էր օֆշորային գոտիներում գրանցված «Պանամայի փաստաթղթին»:
Նա հետաքրքրվեց, թե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը ևս ընդգրկված էր այդ փաստաթղթում, հետևաբար ի՞նչ գործընթաց է ծավալվել. «Չե՞ք կարծում, որ այդ հարցադրումների անտեսումը կոռուպցիոն սպառնալիք է դարձել մեզ համար»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ քննվում է կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված գործը, քննություն է ընթանում, նախապատրաստվում են նյութեր:
«Ինչ վերաբերում է գլոբալ հարցադրմանն ու մտահոգություններին, ապա այդ խնդիրը երբևէ չի անտեսվել: Այլ հարց է՝ ինչ մեխանիզմներ են իրականացվում»,-ասաց նա:
Ա. Հովհանիսյանը հավաստիացրեց նաև, որ ՀՀ կառավարությունն իր իրավասության շրջանակներում միջոցառումներ ձեռնարկում է: «Անտեսում չի եղել որևէ պարագայում, բայց որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի, դրա համար բոլորս քայլեր պետք է ձեռնարկենք, դրա հետ անկասկած համաձայն եմ»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանն արձագանքեց, որ լավ է, որ քննություն է ընթանում, որի ավարտից հետո հանրությունը կարող է տեղեկանալ քննության արդյունքներին:
«Պարզ կդառնա, որ մեր բանակի համար կան հավելյալ ռեսուրսներ»,- ասաց նա: