27/04/2016 18:30
Նախարար. Երևան-Արտաշատ ճանապարհատվածը վերջնական շահագործման կհանձնվի մայիսի վերջին
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղելով ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, հետաքրքրվեց, թե ե՞րբ է ավարտվելու Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման շինաշխատանքները:
«2003 թվականին սկսվեց այդ միջանցքի Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհատվածի բետոնապատման աշխատանքները և 2015 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնվեց: Այդ ճանապարհի կառուցումը կարևոր նշանակություն ունի անվտանգության, տնտեսության և մնացած մյուս բոլոր ոլորտների համար: Այսօր, սակայն, այդ հատվածի երթևեկությունը դադարեցված է և ի՞նչն է պատճառը»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Նախարար Գագիկ Բեգլարյանն էլ իր հերթին նախ պարզաբանեց, որ 2015 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ այն չի հանձնվում վերջնական շահագործման, ապա հավելեց, որ այն վերջնական շահագործման կհանձնվի այս տարվա մայիսի ամսվա վերջին:
«Մենք ընդունել էիք աշխատանքները և կային թերացումներ, որոնց համար համապատասխան գումար պահվեց աշխատանքներ իրականցնողից: Այսօր ընթանում են այդ թեթև թերացումների վերանորոգման աշխատանքները և նախատեսում ենք ճանապարհը բացել մայիսի վերջին»,- ասաց նախարարը:
Իշխան Խաչատրյանն էլ իր հերթին արձագանքեց, որ հաճախ անձամբ է ականատեսը եղել ավտովթարների: «Ճանապարհի փակ լինելը անհարմարություններ է ստեղծում բազմաթիվ վարորդների համար»,- ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով նաև ընդհանուր աշխատանքներից:
Նախարարն էլ իր հերթին պատասխանեց, որ այս տարի ավարտին կհասցվեն Թալին-Լանջիկ ճանապարհաշինարարական աշխատանքները: «Մենք արդեն գիտենք, թե հայտարարված մրցույթն ով է հաղթել: Առաջիկա տասն օրվա ընթացքում աշխատանքները կսկսվեն այդ հատվածներում»,- ասաց նա՝ հավելելով նաև, որ այս տարի կսկսվեն նաև Ագարակից մինչև Քաջարան և Սիսիան տանող ճանապարհատվածի շինաշխատանքները, որը հնարավորություն կտա ավելի լավ և որակյալ ավտոճանապարհ ունենալ: Նախարարը նշեց, որ ստեղծվել է հնարավորություն նաև ավելացնել երրորդ և չորրորդ գծերը: