27/04/2016 17:21
Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին անհրաժեշտության դեպքում բնակարաններ կտրամադրվեն
Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը:
Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին է ներկայացրել նաև այն միջոցառումները, որ իրականացրել և իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը Արցախի մեր հայրենակիցներին ու պաշտպանական բանակին, ինչպես նաև երևանաբնակ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ.
«Անշուշտ, բոլորիս պարտքն է լինել մեր հերոսների ընտանիքների կողքին, սատարել ու աջակցել նրանց և այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն իսկ ձեռնարկել ենք: Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը 100 տոննա պարենային աջակցություն է ցուցաբերել Արցախին, բացի այդ, 12 վարչական շրջաններն էլ իրենց հերթին անհրաժեշտ գույք, սնունդ, նաև շինանյութ են ուղարկել Արցախի իրենց գործընկեր քաղաքներին ու շրջաններին: Համոզված եմ՝ տեղյակ եք, որ իմ հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն արդեն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ մեր լիազորությունների շրջանակներում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով: Նաև հանձնարարել եմ, որ անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ: Ու երբ կունենանք արդեն այդ մասով հստակ տվյալներ, կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշման նախագիծ, որն էլ, համոզված եմ, բոլորիդ կողմից կարժանանա հավանության»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան հանձնարարական է տրվել հանրակրթության վարչությանը՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու նպատակով ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են մերօրյա հերոսները՝ տեղերում վերջիններիս հիշատակը հավերժացնող անկյուններ ձևավորելու նպատակով:
Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման և ազատված միջոցները մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքներին աջակցության նպատակով օգտագործելու հնարավորությունը:
«Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: