27/04/2016 16:15
Այս գիշեր հակառակորդի կրակոցից վիրավորվել է 3 զինծառայող. Կամավոր Խաչատրյան
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի իրականացրած հրետակոծության արդյունքում 3 զինծառայող է վիրավորվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն` հավելելով, որ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Վիրավորման ծավալով է ծանր վիրավոր: Նա բեկորային վնասվածք է ստացել ազդրի հատվածում: Ընդհանուր առմամբ՝ վերջին երկու օրերի ընթացքում կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չունենք»,- հավելեց նա:
Շարունակելով խոսքը՝ նա տեղեկացրեց նաև, որ քառօրյա պատերազմից հետո առաջնագծում վիրավորվածների թիվը հասնում է 34-ի: «Բոլոր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ պահպանվել է 1 ժամի սկզբունքը, և ոչ մի վիրավոր չի տուժել այն պատճառով, որ նրան ուշ են բուժօգնություն ցուցաբերել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ապրիլի 1-4-ը գրանցված միջադեպերին՝ նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ՝ հայկական կողմն ունեցել է 125 վիրավոր, որոնցից 87-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ ծայրահեղ ծանր շարունակում է մնալ միայն նրանցից 3-ի վիճակը, իսկ 5 հոգու կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել:
Կամավոր Խաչատրյանը չկարողացավ ասել, թե վիրավորներից քանիսն են հաշմանդամություն ձեռք բերել. «Այս ընթացքում կատարվել է 148 վիրահատություն, եղել են նաև կրկնակի վիրահատության դեպքեր, բայց հաշմանդամության մասին դեռ վաղ է խոսել»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ մեր վիրավորների թիվը փաստեց այն մասին, որ մեր զինվորները կարողացել են ճիշտ պաշտպանվել:
ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ այս ընթացքում վիրավորներին առաջնագծում օգնություն ցուցաբերելիս հակառակորդը նպատակային կրակահերթ է արձակել շտապ օգնության 4 մեքենայի վրա. «Դրանցից մեկը պայթեցրել են, բայց, բարեբախտաբար, բուժանձնակազմը մեքենայից դուրս օգնություն ցուցաբերելիս է եղել վիրավորներին: Մյուս 3 մեքենայի վրա էլ կրակել են տարբեր տրամաչափի հրազենային զենքերով: Վիրավորներ ունեցել ենք, բայց մահվան դեպքեր՝ ոչ»:
Կ. Խաչատրյանը վստահեցրեց, որ այս քառօրյա պատերազմի արդյունքում իրենք մշակել են բուժօգնության նոր մոդել, որը գերազանցում է նախորդին. «Մեր մեջ ծնվել է ղեկավարման և բժշկական ապահովման նոր մոդել, որը չի նմանվի և չի լինի ՆԱՏՕ-ական կամ ռուսական, այլ կլինի զուտ հայկական»: