27/04/2016 20:15
«ՈւԱԶ» մակնիշի սանիտարական մեքենա և բժշկական պարագաներ` Արցախին
Հերթական նվիրատվությունն է արել Արցախին «Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ-բժիշկների ասոցիացիա» համառուսական հասարակական կազմակերպությունը: Այսօր Ասոցիացիայի անդամ` Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Հովհաննես Սարուխանյանը ռուսաստանաբնակ հայ բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնեց նվիրատվությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից:
«Սա ոչ թե օգնություն է, այլ պարտավորություն, որը մենք Ռուսաստանում գործունեություն ծավալող Երևանի բժշկական համալսարանի սաներս ցանկացանք տրամադրել Արցախին»,- նշեց Հովհաննես Սարուխանյանն՝ ավելացնելով, որ առկա կարիքները գնահատելու և աշխատանքնրը համակարգելու համար դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և Հայաստանի առաջատար այլ բժշկական կենտրոններ: Ասոցիացիայի ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ծանոթացավ տրամադրված ապրանքներին՝ ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում»: Նա բարձր գնահատեց մեր բժիշկ-հայրենակիցների պատրաստակամությունը, և տեղեկացրեց, որ նվիրատվությունն առաջիկա օրերին կփոխանցվի ԼՂՀ առողջապահության նախարարությանը: