28/04/2016 14:55
Ազատ Արշակյան. Քրեաօլիգարխիկ տարրերի երեխաները բանակում չեն և փառք Աստծո
Եթե զորակոչն այնքան կոռեկտ անցկացվի, որ շնորհալի և հատուկ ընդունակությունների տեր երիտասարդները բոլոր դեպքերում կարողանան տարկետում ստանալ՝ նորմալ կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի և Թևան Պողոսյանի առաջարկին, ըստ որի՝ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, և 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում:
«Սա կարող է բացասական հետևանքներ ունենալ, եթե երիտասարդ և շնորհալի տղամարդիկ կկտրվեն գիտությունից ու կրթությունից: Միևնույն ժամանակ, եթե ՊՆ զորակոչային հանձնաժողովը կարողանա ապահովել բալանսը՝ շատ լավ կլինի, ես կողմ եմ, քանի որ այդպիսով հավասարություն կլինի»,- ասաց բանախոսը:
Ավելի մանրամասն անդրադառնալով իր նշած «հավասարությանը», Ազատ Արշակյանն ընդգծեց՝ չէր ցանկանա քրեաօլիգարխիկ բարքերով եիտասարդները զորակոչվեն բանակ.
«Միակ տեղը, որտեղ մենք ունենք հաջողություն, որով հպարտանում ենք՝ հայկական բանակն է: Այդ բանակում բացակայում են քրեաօլիգարխիկ տարրերը, նրանց երեխաներն այնտեղ չեն և, փառք Աստծո, որ այնտեղ չեն, որովհետև հակառակ դեպքում մեր բանակը կկորցներ մարտունակությունն ու ժողովրդական լինելու իր հմայքը»,- ասաց բանախոսն՝ ավելացնելով, նման բարքերի տեր մարդիկ արժանի չեն լինել բանակում, քանի որ սա միակ տեղն է, որտեղ մենք հաղթում ենք: