28/04/2016 13:22
Ուսումնասիրվել է զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված և վիրավոր զինծառայողների սոցիալական վիճակի ուսումնասիրությունը:
Հիշեցնենք, որ վարչապետը հատուկ հանձնարարական էր տվել՝ դրա հետ կապված:
Նախարարն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ԼՂՀ և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-ից 5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրության իրականացման և ընտանիքների կարիքների համակողմանի գնահատման նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցով: «Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության, և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների կարիքների գնահատման համապատասխան մեթոդաբանություն և կազմակերպվել են աշխատանքները»,- նշեց նախարարը՝ ընդգծելով նաև՝ հաշվի առնելով ժամանակի սղությունն ու իրավիճակի առանձնահատկությունները այդ աշխատանքներն արագ կազմակերպվել են:
«Ընտանիքների սոցիալական կարիքների նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմին, ընտանիքի անդամների առողջական խնդիրներին, ուսման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին, միաժամանակ ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ և այլ տվյալներ»,- շարունակեց նա՝ հավելելով նաև, որ ուսումնասիրվել են ապրիլի 1-ից 4-ը զոհված 64 զինծառայողների ընտանիքներ, ըստ բնակության վայրի՝ Երևան և իննը մարզեր:
Նախարարն ընդգծեց նաև, որ անչափահաս՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների թիվը կազմում է 17, կան նաև ընտանիքներ, որոնք ունեն ուսանողներ:
Նա տեղեկացրեց, որ զբաղվածության և աշխատանքի կարիք ունեցող ընտանիքների անդամներից ոմանք ցանկություն են հայտնել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու: «Առողջական խնդիրներ ու բժշկական օգնության հետ կապված՝ զոհված զինծառայողների որոշ ընտանիքների անդամներ ունեն բժշկական հետազոտության կարիք, ինչպես նաև հոգեբանական ծառայության կարիք: Նրանցից մասն ունի նաև վարկային պարտավորություններ, իսկ երեք զոհված զինծառայողների եղբայրներն էլ պարտադիր զինվորական շարքային կազմի ծառայողներ են»,- հավելեց նա:
Ա. Ասատրյանը տեղեկացրեց նաև, որ նշված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցերն ի սկզբանե գտնվել են մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և ՏԻՄ-երի ուշադրության կենտրոնում: «Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ ՊԲ-ի կողմից, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների և կազմակերպությունների կողմից նշված ընտանիքներին տրամադրվել և շարունակվում են տրամադրվել դրամական օժանդակություններ»,-ասաց Արտեմ Ասատրյանը:
Նախարարը վստահեցրեց նաև, որ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև՝ 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանի բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ-ի կողմից: