28/04/2016 18:08
Տպավորություն է, թե ընդդիմությունը վաղօրորք գիտի, թե տանուլ է տալու և պատրաստվում է մեղադրել իշխանություններին. Հ. Նաղդալյան
ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանինը: Պատգամավորը նշեց, որ փոփոխությունների գլխավոր խնդիրը, բացի նրանից, որ պետք է համապատասխանեցնել Սահմանադրությանը, վստահության խնդիրն է:
Ինչ վերաբերում է «4+4+4» քննարկումներին, ապա նրա համոզմամբ՝ այդ քննարկումներում կոնսեսուս չձևավորվեց, սակայն այն տվեց իր արդյունքները, իսկ կոնսեսուս չձևավովեց, քանի որ դրա համար կար նաև պատճառ:
«Կոնսենսուս չձևավորվեց մի գլխավոր պատճառով. իշխանությունը և ընդդիմությունը չեն վստահում իրար։ Թվում է, որ եթե իշխանությունը ասի, որ արևը արևելքից է ծագում և արևմուտքում է մայր մտնելու, ընդդիմությունը անմիջապես կառարկի, որ իշխանությունը ամեն ինչ հարմարեցնում է իրեն՝ իր ընթացիկ և հեռագնա շահերին, իր վերարտադրության նպատակներին կամ ընդդիմության փոշիացմանը: Վստահ եմ, որ ծափ գտնվողներն էլ կգտնվեն՝ կամ այստեղ, կամ լրատվական դաշտում՝ առանց խորանալու պատճառների մեջ, առանց կանգ առնելու և մի փոքր մտածելու և ինքներս մեզ մի հարց տալու՝ այս ի՞նչ մրցավազքի մեջ ենք մտել, ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք հասնելու, ինչո՞ւ է մեր խոսակցությունն անընդհատ նմանվում երկու խուլերի խոսակցության, ամեն մեկն իրենն է ասում, ոչ մեկին չի լսում»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը ընտրողի վստահությունն է:
Պատգամավորի խոսքով՝ երբևէ իշխանությունը չի գնացել նման արմատական փոփոխությունների և հիշեցրեց ՀՀ Նախագահի հայտարարություններից մեկը:
«Ուզում եմ հիշեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ բանաձևը, որ ընտրությունների որակը ավելի կարևոր է, քան՝ արդյունքը: Երբեք իշխանության ղեկավարը մեր երկրում նման խնդիր չի դրել: Հիմա մենք ասում ենք, որ ընտրական օրենսգրքի հիմքում դրված են մեխանիզմներ, որ կեղծիքներ թույլ չեն տալիս և շատերը մտածում են, թե որտեղ է թաղված շան գլուխը, որ փուլում ինչպես են կեղծիքներն անելու: Ժողովո՛ւրդ, հանեք ձեր միջից կասկածի որդը, որը թույլ չի տալիս ձեզ հանգիստ դատել և տեսնել այն, ինչ կա իրականության մեջ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պատրաստ են բոլոր ողջամիտ քննարկումներին մասնակցել:
Ամփոփելով խոսքը՝ պատգամավորը ասաց.
«Հերթական անգամ իմ մոտ տպավորությունն է ստեղծվում, որ ընդդիմությունը, մի նեղացեք խնդրում եմ, ի սկզբանե ոնց որ թե տեղյակ է՝ պատրաստվում է ընտրությունները տանուլ տալուն և հիմքեր է ստեղծում դիմացինին՝ իշխանությանը մեղադրելու համար»: