28/04/2016 19:19
Ն. Զոհրաբյան. «Корона Российской империи» պես բերեք թագը իմ գլխին դրեք՝ որպես իրական ընդդիմադիր
ԱԺ-ում քանի գնում կրեքերը թեժանում են: Մեկը մյուսին հերթ չենք տալիս պատգամավորների բոցաշունչ ելույթները: Հերթական ելույթը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանինն էր:
«Բացարձակ անբարոյական է այստեղ առաջնագծում զոհված զինվորների անունը շահարկել: Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի իր ճղճիմ քաղաքական բոնուսները հավաքելու համար զոհված զինվորների արյունը շահարկել՝ դարձնելով քաղաքական շահարկման առարկա: Նրանց ծնողները մեզնից որևէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել զոհվածների անունը»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Նայելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ ԲՀԿ պատգամավորն ասաց. «Վեր ընկեք ձեր տեղը, և ձեր խնդիրները փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակում: Սա անբարոյական է»:
Պատգամավորը դժգոհեց, որ ԸՕ-ն քննարկման փոխարեն, 3 օր է՝ ինչ-որ ընդդիմադիր ուժեր, վիճարկում են, թե ով է իրական ընդդիմությունը:
«Մեկը հերոսական առկախումներով, մյուսը ինչ-որ ընդդիմադիր մուրաբաների, ընդդիմադիր պրոտեզների մասին ճառերով: Քասթինգ է սկսվել, դեֆիլ է սկսվել՝ ժողովուրդ ջան, ես եմ իրական ընդդիմադիրը, ես եմ ուզուրպացրել ընդդիմության տիտղոսը: Հանգիստ եղեք, ժողովուրդը, մեզնից ու ձեզնից ավելի լավ գիտի բոլորի արժեքը ու շատ լավ գիտի շատերի, կներեք, բազարի գինը ընդդիմադիր դաշտում գործելու:
Այնպես որ, մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ու վիճարկել, թե ով է իրական ընդդիմադիրը: Էն «Корона Российской империи» պես՝ բերեք թագը իմ գլխին դրեք՝ որպես իրական ընդդիմադիր: Ժողովուրդը շատ լավ գիտի բոլորիդ կարմիր գիծը՝ բանակցված, խաղի կանոններով պայմանավորված»,- հայտարարեց նա: