28/04/2016 18:56
Հայաստանում այնքան ընդդիմության տեսակ կա, որքան՝ Ֆրանսիայում պանրի տեսականի. Փաշինյան
ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատական ելույթ ունեցավ: «Այս օրերին մի շարք զարմանալի բաներ տեսանք ու լսեցինք: Ընտրական կեղծարարների երկարամյա դիվանագիտական ժամապահը, որ երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում քսանամյա կեղծարարության համար»,- ասաց նա:
Նկատի ունենալով Վարդան Օսկանյանին՝ նա շարունակեց, որ այսօր ընտրակեղծարարության մասին ավելի շատ խոսում են նախկինում բարձրաստիճան պաշտոնյա եղած մարդիկ, քան` քաղաքացիները: Ն. Փաշինյանն ընդգծեց նաև, որ դեռ այն ժամանակ, երբ ընտրությունները կեղծելու արդյունքում արտոնություններ պետք է ստանային՝ ծառայողական ավտոներ, կաբինետներ, զանազան ճանապարհներով փողեր աշխատելու և լվանալու հնարավորություններ, այդ նույն մարդիկ, կարծես, բողոք չունեին, բայց երբ նույն կարգի ընտրակեղծիքների արդյունքում այդ ամենից այսօր նրանք զրկվել են, սկսել են կեղծարարության դեմ պայքարի «Ալեքսանդր Մատրոսով դառնալ»:
«Ի դեպ, կարծում եմ, որ Շարմազանովը ճիշտ կանի չշտապի, որովհետև բացառապես հետագա քաղաքական իրադրությունների սցենարի հարց է, թե արդյոք տարիուկես կամ երկու տարի հետո Օսկանյանի նման լալահառաչը կահազանգի՝ 2003, 2008, 2013 թվականի ընտրությունների և 2015 թվականի հանրաքվեի ժամանակ տեղ գտած զանգվածային և աղաղակող կեղծիքների մասին: Այսօր փող ու մուրաբա բաժանողները փող ու տուկի թել բաժանողներին են քննադատում, նրանց էլ՝ ատամի պրոտեզ բաժանողները: Ինձ ավելի հուզեց դոր-ջհար ձևաչափը, որը վերածվեց իքի-բիրի»,- հավելեց նա:
Շարունակելով քննադատությունները՝ պատգամավորը նկատեց նաև, որ այդ նույն ընտրակեղծումներն արձանագրող ակտիվիստների և ԶԼՄ-երի դեմ՝ այդ նույն պաշտոնյաներն անձամբ են հետապնդումներ իրականացրել ու անգամ շատ ակտիվիստների մահվան դատավճիռներ են հրապարակել:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա պատգամավորն ընդգծեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է, բայց գտնում է, որ քննարկումների արդյունքում այն գերագնահատվում է:
Ն. Փաշինյանը չկարողացավ շրջանցել ու անտարբեր մնալ Հրազդանի ընտրությունները. Նա հայտարարեց, որ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ Ընտրական օրենսգիրքը թեև շատ բան է որոշում, բայց ավելի շատ բան որոշում են այն հարակից գործոնները, որոնք ֆոն են ստեղծում քաղաքական պրոցեսի համար: Պատգամավորն ընդգծեց, որ իրենց չհաջողվեց կանխել ընտրակաշառքների ազդեցությունը պրոցեսի վրա, սակայն ինչ-ինչ հաջողություններ ամեն դեպքում կարողացել են ունենալ:
«Հրազդանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ին հաջողվեց պահել ընտրությունների արդյունքներն ու դե յուրե արձանագրել ամեն մի քվե, կանխել կրկնաքվեարկությունները: Որևէ մեկը լցոնում անելու շանս չուներ, սակայն մենք չկարողացանք ընտրակաշառքը կանխել: Օսկանյանի քսան տարվա ընտրակեղծարարության ընթացքում ընդդիմությունը խոստանում էր պահել ընտրությունները ու չարեց, ու արդյունքում այսօր քսան տարվա փորձն ավելի զորեղ գտնվեց քաղաքացու համար, քան՝ նոր փոփոխված Սահմանադրությունը»,- ասաց նա:
Ն. Փաշինյանը նկատեց նաև, որ դա, իհարկե, միայն քաղաքացու խնդիրը չէ, բայց բազմաթիվ մարդիկ 2017 թվականին որոշելու են քվեարկել հանուն փոփոխությունների և ձայն տալ իրական ընդդիմությանը, սակայն քաղաքացին մի մեծ խնդրի առաջ է կանգնելու, քանի որ հարց է ծագելու, թե բազմապիսի ընդդիմությունից որն է այն ընդդիմությունը, որին պետք է ձայն տալ. «Հայաստանում այնքան սորտի և տեսակի ընդդիմություն կա, որքան՝ Ֆրանսիայում պանրի տեսականի, սակայն, իմ կարծիքով, պանրի այս տեսականուց գնալով ավելի ու ավելի շատ վատ հոտ է գալիս, և իմ համոզմամբ՝ ընդդիմությունների ինստիտուտը պետք է վերանա և քաղաքացու համար պետք է կոնկրետ լինի, թե ով է ընդդիմություն»,- ասաց նա:
Պատգամավորը հայտարարեց նաև, որ ինքը շարունակում է պնդել, որ Հայաստանին պետք է մեկ ընդդիմություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործելու է այդ մեկ ընդդիմությունը դառնալու սկզբունքով:
«Գիտեմ, որ կան մարդիկ, որ գնում են, օրինակ, Ծգլի օգտին քվեարկում են, հետո՝ վազում Ազատության հրապարակ ու ընդդիմությունից պահանջում իշխանափոխություն, բայց ես հուսով եմ, որ ժողովրդի վստահության քվեն ստանալու է ծրագրային, կադրային ծագումնաբանության առումով ստանալու արժանի ընդդիմություն, որին ժողովուրդը ոչ թե ի հեճուկս իշխանության, այլ անկեղծորեն կցանկանա տեսնել սեփական երկրի կառավարման ղեկին: Տվեք ինձ այդպիսի փոփոխություն, և ես իշխանափոխություն կանեմ նույնիսկ այնպիսի Ընտրական օրենսգրքով, որի տառը Հյուսիսային Կորեայից է, իսկ ոգին՝ Սաուդյան Արաբիայից»,- ասաց նա:
«Չեմ կարող չարձագանքել: Պարոն Փաշինյան, ճիշտ կանեք՝ շատ չշտապեք ու կանխատեսումներ չանեք. Կյանքը դեմներս ա, օրը կգա, բարին՝ հետը ու կտեսնենք՝ ով, ինչ հայտարարություն է անում»,- ժպտալով հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: