28/04/2016 20:35
Շ. Քոչարյան. Ադրբեջանն իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով նման է Թուրքիային
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Tert.am լրատվական կայքի հետ զրույցում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի վերջին հայտարարությանը:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, ՀՀ փոխարտգործնախարարը պատասխանել է.
«Այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ոչ հարևան պետություններին, ոչ էլ Ուկրաինային: Մնում է ավելացնել, որ Ադրբեջանը իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:
Թե Անկարայի, թե Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: