28/04/2016 09:33
Մեզ պետք է իշխանություն, որն ադեկվատ կարձագանքի հասարակության պահանջներին. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ճիշտն ասած, հրատապ խնդիրների մասին այնքան շատ է խոսվում և գրվում, որ վերջերս իմ մեջ մեծ ցանկություն է առաջացել գոնե երբեմն իմ սյունակներում անդրադառնալ, այսպես ասած, «արմատներին»:
Ինչպես է ստացվում, որ այն, ինչ մենք անվանում ենք «4-օրյա պատերազմ», ազդել է հասարակական տրամադրությունների և քաղաքացիների գիտակցության վրա, բայց գրեթե չի ազդել քաղաքական վերնախավի և, հատկապես, իշխանության վրա: 25 տարի խոսվում է այն մասին, որ իշխանությունը «ազգասեր» չի, ««մենակ իր գրպանի մասին է մտածում» և այլն: Այդ գնահատականները մեծ մասամբ տեղին են, բայց դրանք սխալ ուղղությամբ են տանում հասարակության պահանջները: Մեզ պետք չէ «ազգը սիրող» կամ «ազգի մասին մտածող» իշխանություն՝ դրանք չափազանց սուբյեկտիվ քնարական զեղումներ են:
Մեզ պետք է իշխանություն, որը ադեկվատ կարձագանքի հասարակության պահանջներին: Իհարկե, կասեք՝ դրա համար լեգիտիմություն է պետք: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց իրականությունն այլ է: 90-95 թվականների Գերագույն խորհրդի, 91-96 թվականների նախագահի լեգիտիմությունը գրեթե ոչ կասկածի տակ չի առնում: Բայց այն ժամանակ էլ իշխանությունն անհաղորդ էր քաղաքացիների պահանջներին, անտարբեր էր, մեծամիտ և հաճախ գռեհիկ: Այնպես որ՝ իշխանության ներկայիս «դանդաղաշարժության» պատճառը պետք է այլ տեղ փնտրել»: