28/04/2016 12:24
Նվազագույն աշխատավարձը չի բարձրանա
Գործադիրն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետբյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության (մոտավոր գնահատմամբ տարեկան հաշվարկով կկազմի առնվազն շուրջ 13 մլրդ դրամ), ինչպես նաև՝ համայնքների բյուջեների ծախսերի գծով լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության:
«Նվազագույն աշխատավարձը վերջին տարիների ընթացքում 32 հազար դրամից հասել է 55 հազար դրամի: 2016 թվականի հուլիսի մեկից նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 65 հազար դրամ, սակայն տնտեսական ցուցանիշների հետևանքով այդ խնդիրը հետաձգվել է»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն, և, դրա հետ կապված՝ վերանայել և սահմանել օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գործավարձով ու ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքների նոր նվազագույն չափերը: