28/04/2016 19:32
Հալեպում ռմբակոծության հետևանքով 18 մարդ է զոհվել
Հրադադարի ռեժիմը Սիրիայի Հալեպ քաղաքում վերջնականապես խախտվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և նրանց կողմնակից իսլամիստական խմբերի կողմից:
Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրոհայինները ողջ օրվա ընթացքում շարունակել են հրետանային ռմբակոծությունը: «Ականները պայթում են Հալեպի կենտրոնական թաղամասերում, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո»,- հաղորդում է գործակալությունը:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ են ստացվում քաղաքապետարանի շրջանից, Մայդան, Աշրաֆիա, Մաշարիկա և Էլ-Համդանիա թաղամասերից: Հեռուստակայանի տվյալներով` զոհերի և տուժածների թիվն աճում է: Ներկա պահին հայտնի է 18 զոհի մասին, 70-ից ավելին վիրավորվել են:
Իսկ «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունն հաղորդում է, որ այս պահին էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները, շարունակելով խախտել զինադադարը, հրթիռներով և դիպուկահարներով հարվածներ են հասցնում Հալէպի բնակելի թաղամասերին:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ միայն այսօր Պոսթան ալ Քասըրիում տեղակայված զինյալները հրթիռակոծել են Մերիտեան պողոտան, որի հետևանքով փլվել են բնակելի շենքեր, ինչի արդյունքում զոհվել է երկու և ևս 4 վիրավորվել են:
Իսկ նույն շրջանի Մաշարքա պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 2 քաղաքացի:
Միայն երեկ Հալեպի այլ զանազան շրջաններում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել է 37 քաղաքացի: