28/04/2016 10:00
Հայ գյուղացիները նախընտրում են հացահատիկը պահուստավորել, քան վաճառել
ԱՎԾ-ն հրապարակել է 2015թ.-ի ՀՀ գյուղացիական տնային տնտեսությունների կողմից գյուղացիական արտադրանքի իրացման ապրանքայնության մակարդակի վերաբերյալ վիճակագրական տեղեկագիրք: Իրացման ապրանքայնության մակարդակը ցույց է տալիս, թե հիմնական գյուղացիական ապրանքները տնտեսությունների կողմից ինչպես են իրացվում, այսինքն որքան մասն է վաճառվել, ապրանքափոխանակման ենթարկվել, ծառայությունների դիմաց տրամադրվել, օգտագործվել սեփական կարիքների համար և որքան է մնացորդի մեծությունը:
Այս վիճակագրությունը հնարավորություն է տալիս, բոլոր մարզերի կտրվածքով պատկերացում կազմել գյուղացիական տնային տնտեսությունների կողմից հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի, բոստանի, պտուղների, խաղողի, մսի, կաթի, թվի, բուրդի և օգտագործման ծավալների տեսակարար կշիռները:
Այս ցուցանիշները բավականին հետաքրքիր են և ըստ մարզերի կարող են ունենալ մեծ փոփոխականություն: Այստեղ, գյուղացիական արտադրանքի իրացման մակարդակի տեսակետից գյուղացիների վարքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ բերքի և արտադրանքի ծավալները, ապրանքի որակը, շուկայում այդ ապրանքների գների վարքագիծը, գյուղացու վաճառելու հմտությունները, տվյալ ռեգիոնում վերամշակման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացվածությունը, չիրացված արտադրանքի ծավալները, գյուղի և քաղաքի բնակիչների սպառողական հակումները, արտահանման միտումները և այլ բազմաթիվ գործոններ: Ներկայացնենք, մի քանի կարևոր ցուցանիշներ:
Եվ այսպես հանրապետական մակարդակով, հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքի ծավալների 23,3 տոկոսն է վաճառվել է գյուղացիական տնտեսությունների կողմից, իսկ 37,9 տոկոսը օգտագործվել է սեփական սպառման և վերամշակման նպատակների համար: Հացահատիկի մնացորդը գնահատվել է 31,3 տոկոս, իսկ ապրանքափոխանակման և ծառայությունների դիմաց իրացումը կազմել է 7,5 տոկոս: Այսինքն, հայ գյուղացին, նախընտրել է ավելի շատ հացահատիկը սպառել և պահուստավորել սեփական կարիքների համար, քան վաճառել: Հացահատիկի բերքը ամենաշատը վաճառվել է Արարատի և Արմավիրի մարզերում՝ 53,6 և 45,8 տոկոս, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձոր և Լոռի մարզերում՝ 4,6 և 8,3 տոկոս:
Դրան հակառակ, գյուղացիական տնտեսությունները նախընտրում են միսը վաճառել, քան այլ նպատակների համար օգտագործել: Այսպես, մսի 89,7 տոկոսն է վաճառվել, իսկ սպառումը սեփական կարիքների համար կազմել է ընդամենը 9 տոկոս:
Մեղրը նույնպես, հիմնականում արտադրվել է վաճառքի համար՝ վաճառքը կազմել է 53,4 տոկոս, սպառում՝ 18,1 տոկոս, իսկ մնացորդը՝ 23,7 տոկոս:
Կաթի և կաթնամթերքի վաճառքի ծավալները կազմել են 47,2 տոկոս, իսկ տնտեսության մեջ օգտագործվել է ամբողջ արտադրանքի 36,9 տոկոսը: Մեր գյուղացիները ձուն նախընտրում են ավելի շատ սպառել սնունդի համար՝ 54,7 տոկոս, քան այն վաճառել, որն իր հերթին կազմել է՝ 34,5 տոկոս: Հետաքրքրիր է, որ ձուն Արագածոտնի մարզում ավելի շատ նախընտրում են վաճառել, որը կազմել է 72 տոկոս, իսկ մյուս մարզերում ավելի շատ այն սպառել սննդի համար:
Բանջարանոցային մշակաբույսերը, բոստանը և պտուղը նույնպես ավելի շատ վաճառվում են գյուղացիական տնտեսությունների կողմից, քան օգտագործվում սննդի և սեփական այլ կարիքների համար: Իսկ խաղողի վաճառքի ծավալները կազմել է՝ 87,5 տոկոս, սակայն Լոռիում և Սյունիքում այն ավելի շատ օգտագործվել է սննդի և սեփական արտադրության գինի ստանալու համար:
Արարատի և Արմավիր մարզերում, գյուղացիները ավելի շատ նախընտրում են կարտոֆիլը վաճառել, որը կազմել է բերքի 81 և 91 տոկոսը, այն դեպքում երբ կարտոֆիլի վաճառքի միջին հանրապետական ցուցանիշը կազմել է՝ 43,7 տոկոս, իսկ տնտեսության մեջ օգտագործվել է 22,5 տոկոսը և մնացորդային պաշարները կազմել են՝ 25,7 տոկոսը: Իսկ Վայոց ձորի և Տավուշի մարզերում կարտոֆիլի վաճառքի ծավալները կազմել են՝ 4,7 և 2,1 տոկոս համապատասխանաբար, այսինք այս մարզերում նախընտրում են այն ավելի շատ սննդի համար օգտագործել, քան վաճառել: