28/04/2016 17:47
Ընդդիմադիրներն ԸՕ նախագիծը վերածեցին «մածունա-թանա-բրդոշային» քննարկումների. Մ. Եսայան
ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ իր շատ սիրելի ընդդիմադիրներն այս նախագծի քննարկումները վերածեցին «մածունա-թանա-բրդոշային» քննարկումների:
«Սա ասում եմ մի փոքր հումորով ու սրտի ցավով»,- ասաց նա և շարունակեց, որ ողջունում է այս նախագիծը և առաջարկեց ԸՕ նախագծի քննարկման մի նոր մոդել:
«Ուզում եմ, որ հասարակության ու բոլոր քաղաքական ուժերի միասնական կողմ ձայներով ընդունված նախագիծ լինի ու չլինեն այն զավեշտն ու շատախոսությունները, որ եղան 4+4+4 ձևաչափի ժամանակ: Առաջարկում եմ ընդդիմության դաշտից լինի Լևոն Զուրաբյանը, քաղաքացիական հասարակությունից թող իրենք ընտրեն ներկայացուցիչ, իսկ մեր դաշտից՝ Դավիթ Հարությունյանը: Երբ բազմության ներկայությամբ են լուրջ հացերը քննարկվում, դա անլրջանում է: Այս մոդելն առաջարկում եմ, բայց մի պայմանով, որ շատախոսություն ու բացբերանություն չլինի, որ քննարկումից հետո ԶԼՄ-ներին իրենց կյանքը չպատմեն, ինչպես եղավ 4+4+4 ձևաչափի ժամանակ, երբ բաց, հրապարակային ում մտքով ինչ անցնում, խոսում էր: Իմ լավատեսությունը անսահմանն է, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա՝ նշելով նաև, որ ուրախ կլինի` այս առաջարկը ընդունվի:
Պատգամավորը կոչ արեց նաև ԱԺ-ում չչարաշահել ժողովրդի անունն ու հենց ժողովրդին. «Թող որևէ մեկը չմտածի, որ ինքն ավելի պուպուշ է, իսկ մյուսներն՝ ավելի վատը: Ոչ թե ժողովրդի աչքերին նայելն է կարևոր, այլ նայելն այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ նայում է ժողովուրդը, իսկ ժողովուրդն ուզում է նորմալ, արդար ընտրություն»,- ասաց նա:
Մ. Եսայանը համոզված է, որ ԸՕ այս նախագիծն այդ հնարավորությունը տալու է և բոլորին կոչ արեց կողմ քվեարկել դրան: «Կոչ եմ անում գնալ այդ ճանապարհով: Եկեք իրար խելք չսովորեցնենք»,- եզրափակեց նա: