28/04/2016 23:10
Սերժ Սարգսյանը ներկայացրել է 3 պայման` բանակցային գործընթացի վերսկսման համար
ՀՀ ԳՄ նիստի ընթացում, որը վարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական, ինչպես նաև արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք կարևոր հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեեց, որ ՀՀ Նախագահը ներկայացրել է իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին:
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված Նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, բանակցությունների մասին խոսելն ավելորդ է»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման:
Նա կարևորեց խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը և ևս մեկ անհգամ ընդգծեց, որ Հայաստանը կողմ է դրան: «Մենք խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակից ենք, բայց որպեսզի վերսկսենք բանակցություններն, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Մեր նպատակը նախ և առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ միջազգային ճանաչումը: Ուշ թե շուտ, դա լինելու է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ»,-ասաց նա՝ նշելով, որ այդ որոշմանն այլ տարբերակ չկա, քանի որ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ չէ, որ ապացուցել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Այլ ճանապարհ չկա, անկախ նրանից՝ կուզի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ: Պայքարն Արցախի ժողովուրդը սկսել է անկախության համար և հայ ժողովուրդը սատարելու է նրանց արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,-ասաց նա:
Իր խոսքում պատգամավորը շեշտեց, որ ապրիլյան պատերազմը նաև փորձություն էր ոչ միայն իշխանությունների, այլև հասարակության համար, բայց հասարակությունը պետք է հպարտ լինի, քանի որ հաջողել է:
«Իհարկե, զոհերի գնով, բայց Ադրբեջանի նպատակն էր կայծակնային պատերազմի գնով մի քանի շրջան հետ վերցնել ու մաքսիմում առաջ շարժվել և զիջումներ պատրաստել հայկական կողմին: Ադրբեջանը ձախողեց, ինչը նշանակում է, որ մերոնք հաջողեցին»,-ասաց նա: