28/04/2016 18:31
Պորոշենոկոն 2.7 միլիարդ դոլարի դիմաց զոհաբերեց երկրի կառավարությունը
ԱՄՆ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի ճնշումների ներքո Ուկրաինայի իշխանությունները երկրում փոփոխություններ իրականացրեցին՝ փորձելով գոհացնել նրանց ու դրա դիմաց վարկ ստանալ, որը կօգնի Ուկրաինային առկա տնտեսական փակուղուց դուրս գալ:
Մարտի վերջին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց ձևավորել նոր կառավարություն՝ ԱՄՆ-ի կողմից 1 միլիարդ դոլարի չափով վարկի ձեռքբերման համար. «Այլապես չի լինի որոշում, չեն լինի ԱՄՆ-ի երաշխիքները և ԱՄՀ-ի ծրագրերը»,- նշել է Պորոշենկոն:
Ուկրաինան մտադիր է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իր բանակցություններն ավարտել՝ կապված բարեփոխումների ծրագրերի վերանայման հետ: Ուկրաինան հույս ունի՝ մինչև հունիսի վերջ 1.7 միլիարդ դոլարի վարկ ստանալ:
Նախագահի հայտարարությունից մոտավորապես 10 օր անց՝ ապրիլի 10-ին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց իր պաշտոնաթողության մասին՝ նշելով, որ մեկ մարդու փոխելու ցանկությունը կուրացրել է քաղաքական գործիչներին:
Յացենյուկի հրաժարականից հետո Գերագույն ռադան վարչապետի պաշտոնում հաստատեց Խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը:
Ապրիլի 19-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ նախագահ Պորոշենկոն շնորհակալություն հայտնեց պատգամավորներին նոր կառավարության ձևավորման օգտին քվեարկելու համար և հայտարարեց, որ այսպիսով վերջ կդրվի խորհրադարանում և կառավարությունում երկար ժամանակ շարունակվող ճգնաժամին:
Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor գործակալությունը անդրադառնալով Ուկրաինայում կառավարության փոփոխությանը հայտնել է, որ Ուկրաինայում կարող է հաստատվել կարճաժամկետ կայունություն, սակայն քաղաքական պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երկիրը չհաղթահարի ներքին և արտաքին մարտահրավերները:
Stratfor-ի փորձագետները վստահեցնում են, որ առաջիկայում հասարակական դժգոհության ավելացման և բարեփոխումների դանդաղ ընթացքի դեպքում Ուկրաինայում հնարավոր է նշանակվեն արտահերթ ընտրություններ, որը ի չիք կդարձնի Արևմուտքի հետ ինտեգրման համար Ուկրաինայի ջանքերը:
Փաստորեն, Ուկրաինայի նախագահը ստիպված էր 2.7 միլիարդ դոլարի պատճառով զոհաբերել երկրի կառավարությունը՝ առաջին հերթին Յացենյուկին: