29/04/2016 14:28
Անուշ Սեդրակյան. Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ
Ապրիլյան պատերազմն ակնհայտ դարձրեց՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա՝ մեզ պետք չեն հովանավորներ, սակայն պետք են դաշնակիցներ:
«Մենք այս հարցում պետք է խտրական և խիստ վերաբերմունք ցուցաբերենք, մինչդեռ հայկական դիվանագիտական միտքը հրահանգավորվում է Մոսկվայի կողմից: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Արցախը դառնա բանակցային կողմ: Այնուհետ, պետք է վերադառնալ 1994 թվականի ֆիքսված վիճակին՝ հողային և զինադադարի առումներով»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Բանախոսի խոսքով՝ վերջին օրերն ապացուցեցին, որ Արցախը նստած է յուրաքանչյուր հայի գենի և արյան մեջ.
«Այն իրական համախմբման ամենակարևոր օբյեկտն է ու երբ կոռուպցիոն ռիսկերը սկսեցին չափվել զինվորի կյանքով, մենք բոլորս գիտակցեցինք հարցի սրությունը։ Իրավիճակը սրվեց նաև, երբ իշխող կուսակցութան և երկրի ղեկավարի գործողությունների մեջ անհամապատասխանություն նկատվեց: Այնպիսի տպավորություն է, որ այս տիրույթները գործում են առանձին»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ հիշեցնելով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աղմկահարույց հարցազրույցը, որում նա ասել էր, թե ազատագրված հողերը մեզ պետք չեն: