29/04/2016 15:10
Արցախյան պատերազմում զոհված սպաներից երկուսը եղել են Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի դոնոր
Արցախյան պատերազմի առաջին օրերին պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»հիմնադրամի կամավոր դոնորներ էին: Այս մասին հայտնում են Այս մասին հայտնում են «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամից։
Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագրվել են ռեեստրին 2006 ից 2010 թթ., Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:
«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է մեր բոլորի համար», - ասել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը:
«Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը և Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության և հերոսության հանդեպ էլ ավելի մեծ: Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաև խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տառապող հիվանդներին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների և սպաների ընտանիքներին»:
Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաև Հայաստանի և Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում և ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է և կարևոր: Հայ զինվորները և սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը: Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլև նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը և Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: