29/04/2016 11:23
Մարտունու հրթիռակոծությունից վիրավորված երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Ապրիլի 2-ին Արցախի Մարտունու ուղղությամբ հակառակորդի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժհաստատության տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:
«Նրա մոտ ամեն բան կարգին է, երեխան արդեն տանն է»,- ասաց բուժհաստատության տնօրենը:
Ինչ վերաբերում է վիրավորում ստացած մյուս երեխային՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանին, ապա նա դեռևս մի քանի օր կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ:
«Նա ևս ոչ մի խնդիր չունի, այլևս դեղեր չի ստանում, պարզապես առավել անվտանգ լինելու համար որոշեցինք դեռևս մի քանի օր էլ պահել նրան մեզ մոտ»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին դպրոց գնալու ճանապարհին հակառակորդի հրթիռակոծության հետևանքով մահացու վիրավորում էր ստացել 2004թ.-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը: Վարդան Անդրեասյանն ու Գևորգ Գրիգորյանը ստացել էին բեկորային վնասվածքներ: