29/04/2016 14:41
Մարինա Գրիգորյան. Քառօրյա պատերազմով Ադրբեջանը ցանկացավ մեզ հիշեցնել ապրիլ ամսվա խորհուրդը
Զուգահեռներ տանելով մերօրյա և 90-ականների Ադրբեջանի ռազմական գործողությունների միջև՝ կարող ենք ասել, որ 25 տարի անց էլ վերջինս ցանկանում է համարյա նույնությամբ կրկնել իր ռազմատենչ գործողությունները՝ ավիրում է հայկական գյուղերը, սպանում, ահաբեկում խաղաղ բնակիչներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Շարունակելով խոսքը՝ Մ. Գրիգորյանն ասաց, որ ապրիլի 30-ին լրանում է Ադրբեջանի իշխանությունների և խորհրդային ղեկավարության գորբաչովյան թևի կողմից Արցախը հայաթափելու «Օղակ» ռազմական գործողության 25-րդ տարելիցը. «10 հազարից ավելի մարդ իրենց տներից դուրս են հանվել ու տեղահանվել»:
Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա նա ասաց. «Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմն իրականացնելով՝ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, ցանկացավ մեզ հիշեցնել ապրիլ ամսվա խորհուրդը, այն է՝ ցավ, մարդկային կորուստներ, պատերազմ»:
Ներկայացնելով նաև փաստեր՝ Մ. Գրիգորյանը հիշեցրեց, որ 25 տարի առաջ ապրիլի 10-ին Գետաշենում ադրբեջանցիները դպրոց գնալօս գնդակահարել են 10-ամյա Արամայիս Սահակյանին:
«25 տարի անց Մարտունու շրջանում ադրբեջանցիների կողմից սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ կրկին դպրոց գնալու ճանապարհին»,- ասաց նա:
Եզրափակելով խոսքը՝ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարն ասաց, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի և այլ կառույցների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանի վրա.
«Պետք է այստեղ ուղարկվեն հատուկ խմբեր, որոնք կուսումնասիրեն իրավիճակը, հետևություններ կանեն: Բոլոր ապացույցները կան Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունների մասին: Եթե 1991-ին, երբ Հայաստանը անկախ պետություն չէր, մենք կարողացանք այդքան իրավապաշտպան խմբեր բերել տարածաշրջան և ցույց տալ, թե ինչ է կատարվում, ապա այսօր դա պետք է անենք ավելի ուժեղ կերպով»: