29/04/2016 16:34
Ռադիկ Մարտիրոսյան. Շահեկան է գիտելիքահենք տնտեսությունը
Շահեկան է այն երկրների տնտեսությունը, որը հիմնված է գիտելիքի վրա: Այս մասին այսօր «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա անդրադարձավ ապրիլի ընթացաքում սահմանային լարվածությանը՝ նշելով, որ հատկապես այս օրերին շատ է քննարկվում՝ ինչպե՞ս կարող է գիտությունն աջակցել երկրի պաշտպանությանը:
«Այս առումով ՏՏ ոլորտը Հայաստանի գիտության ամենազարգացած ճյուղերից է և հույս ունեմ, որ մենք ապագայում լուրջ հաջողություններ կունենանք հատկապես այս ոլորտում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ առաջիկայում իրենք կուսումնասիրեն բարձրացրած բոլոր հարցերը:
Համաժողովի մասնակից Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ևս կարևորեց հատկապես ՏՏ ոլորտի զարգացումը.
«Այս ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ՝ իրենց բարձրակարգ մասնագետներով, հանդիսանում են ՀՀ-ի արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Իզուր չէ, որ ՀՀ կառավարությունը 2000 թվականին ՏՏ ոլորտը հայտարարեց տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը»: