29/04/2016 17:22
Պերմյակովը համարում է, որ 7 հոգու սպանած մարդը հոգեկան հիվանդ է, բայց ինքն այդպիսին չէ
Գյումրիում այսօր շարունակվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այսօրվա նիստում ավարտվեց նախաքննական ցուցմունքների հրապարակումը։ Պատասխանելով հարցերին՝ մեղադրյալ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ ինքը հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի:
Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ցուցմունքներ տալիս ճնշումներ եղե՞լ են, Պերմյակովը պատասխանեց բացասական: Նա հայտարարեց, որ իր մեղքն ընդունել է արդեն:
Հնչող հարցերին նա կամ պատասխանում էր «չգիտեմ», «չեմ հիշում», «չեմ ցանկանում», «այո» կամ «ոչ», սակայն նա համառորեն հրաժարվեց «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում արված իր գրառումներից՝ պնդելով, որ դրանք ինքը չի գրել։
Հարցին, թե ընդունում է, որ ինքն է սպանել Ավետիսյաններին, նա կարճ արձագանքեց. «Այո», իսկ ճշտող հարցին, թե մենա՞կ է դա արել, և արդյոք իրեն դրդել են այդ քայլին, Պերմյակովը հրաժարվեց պատասխանել։
Փաստաբան Միհրան Պողոսյանը հարց ուղղեց մեղադրյալին: Հարցին՝ եթե իմանայիք, որ մեկը յոթ հոգու է սպանել, ի՞նչ կասեիք այդ մարդու մասին, նա այսպես արձագանքեց․ «Կասեի, որ հոգեկան հիվանդ է, բայց ես այդպիսին չեմ»:
Դատական նիստը շարունակվում է: