29/04/2016 09:38
Ղարաբաղի կարգավիճակի դիմաց տվողն ու վերցնողը Երևանում նստածցներս չենք. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբեմն վեճ է առաջանում՝ որ եզրույթն է ճիշտ՝ «ազատագրված տարածքներ», «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»: Ինձ թվում է՝ հրապարակախոսական, լրագրողական տեքստում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ճշգրիտ իրավական և քաղաքական եզրն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածք»: Այո, մենք պաշտոնապես չենք ճանաչել այդ պետությունը՝ չնայած, կարծում եմ, այդ ժամանակը մոտ է: Բայց հոգեբանական, հասարակական մակարդակով մենք պետք է հասկանանք, որ դա կայացած պետություն է, որի ժողովուրդն ու իշխանությունն են որոշում իրենց տարածքի բախտը: Դա քարոզչական հնարք չէ, ոչ էլ ինչ-որ քմահաճույք՝ սա պարզ պրագմատիզմ է, որով անհրաժեշտ է առաջնորդվել:
Եվ, հետևաբար, երբ մենք Երևանում նստած՝ քննարկում ենք՝ ի՞նչ տալ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ի՞նչ է պետք վերցնել և այլն, պետք է հաշվի առնենք, որ տվողը, վերցնողը և կարգավիճակ որոշողը մենք չենք: Արցախի պետությունն ունի Սահմանադրություն, որով խնդրո առարկա շրջանները պատկանում են իրեն, և, ի դեպ, ունեն իրենց հայկական անունները: Ես կամ Լավրովը, կամ Օբաման, կամ որևէ այլ անձ ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, ոչ էլ իրավական առումով չենք կարող արցախցիների փոխարեն որոշել ոչ միայն այդ շրջանների, այլև դրանց կես մետրի ճակատագիրը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: