29/04/2016 09:23
Ծառուկյանի նոր, էլիտար կոնյակի շնորհանդեսին մասնակցել են նախագահն ու վարչապետը
«Հրապարակին» տեղեկություններ են հասել, որ Գագիկ Ծառուկյանի «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում նոր, էլիտար կոնյակի արտադրություն է սկսվել, որն արտաքին շուկա հանելուց առաջ գործարանը և նրա սեփականատերը ապրանքատեսակի լայն գովազդ է սկսել։ Մեծ թվով դիստրիբյուտորներ են ժամանել Հայաստան՝ կոնյակին ծանոթանալու։ Եվ շնորհանդեսին, որը կայացել է «Փարավոն» ժամանցային կենտրոնում, մասնակցել է նաև հայաստանյան էլիտան։
«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ շնորհանդեսին մասնակցել են նաև Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, բազմաթիվ նախարարներ, այլ պաշտոնյաներ, գործարարներ: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը։ Նա նշել է, որ ապրիլի 21-ին «Փարավոն» ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի կոնյակների շնորհանդեսը, որին մասնակցել են երկրի ղեկավարը, վարչապետը, բազմաթիվ գործընկերներ՝ արտերկրից։
Տոնոյանը նշել է, որ շնորհանդեսը չի լուսաբանվել, քանի որ հաշվի են առել ապրիլյան իրադարձությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը։ Ծառուկյանի խոսնակն ասել է նաև, որ շնորհանդեսում ներկայացված 30-50 տարվա կոնյակներն աչքի են ընկնում որակական և համային բարձր հատկանիշներով։