29/04/2016 09:57
Զորհրաբյանը՝ Աբրահամ Մանուկյանի կողմից ԲՀԿ-ին պատկանող 100 միլիոնը վերցնելու ու Հայաստանից փախնելու մասին
Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից: ԱԺ-ում նրա օգնականը նույնպես հաստատում է, որ պատգամավորը Հայաստանում չէ: Իսկ այս գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակը»:
«Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ում տիրում էր բավականին կոնֆլիկտային իրավիճակ, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը: Իսկ Մանուկյանի դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել, ինչը կանխվեց:
Բացի այդ, տարածքային կառույցների համակարգումն ու ֆինանսական հոսքերի կառավարումն էլ վերցվեց նրա ձեռքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Վարդան Վարդանյանի հետ միասին»,- հավելել է թերթը:
Երեկ, երբ թերթը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրել է՝ ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները և փախել Հայաստանից, նա պատասխանել է. «Դա բացարձակ ապատեղեկատություն է, և ավելին՝ անբարոյականություն է նման լուրեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»: