30/04/2016 12:27
ԱՄՆ Պետդեպ. Անհրաժեշտ է վերադառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրմանը: Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի լրատվական ծառայությունից:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերադառնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»,- ասել է Թոները:
Նշենք, որ չնայած հրադադարի մասին բանավոր պայմանավորվածության, ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ այս գիշեր ևս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր: Ինչի հետևանքով հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):