30/04/2016 13:45
«Արցախ մեկնած կամավորները, որոնց հեռացրել էին աշխատանքից, կրկին աշխատանքի կանցնեն»
«Քանի որ հարցը հանրային մեծ հնչեղություն ստացավ, բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան, խնդիրը կկարգավորվի մոտ ժամանակներում, և նրանք կգնան աշխատանքի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արցախ մեկնած երկու կամավորի խնդրին, որոնց գործատուն աշխատանքից հեռացրել էր, ասաց Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանը:
Փաստաբանը հավաստիացրեց, որ նշված խնդիրը հարթված է, կամավերներն աշխատանքը կորցնելու խնդիր չունեն: Ի. Վարդանյանն ասաց, որ իր տեղեկություններով, Արցախ մեկնած 9 կամավոր ևս աշխատանքից ազատվել է, նրանք ևս, ըստ նրա, շուտով աշխատանքի կվերադառնան:
Ի. Վարդանյանը չցանկանալով նշել, թե կոնկրետ որ ընկերությունն է աշխատանքից ազատել կամավորներին, միայն ասաց, որ դա պետական ոլորտ չի եղել:
«Աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում, որ աշխատանքի չգնալու համար աշխատանքից կարող են ազատվել, այլ հստակ ասվում է՝ անհարգելի բացակայության դեպքում կարող են ազատել աշխատանքից:
Հետևաբար՝ հնարավոր է, որ մարդն ընկել էր կոմայի մեջ, ինչպե՞ս պետք է տեղեկացներ: Հենց սրա համար էլ աշխատանքային օրենսգիրքը պաշտպանում է»,- ասաց փաստաբանը: