02/05/2016 14:45
Թոմաս Օփերման. Հայերի կոտորածը Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի որպես Ցեղասպանություն
Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) Սոցիալ դեմոկրատական (SPD) խմբակցության նախագահ Թոմաս Օփերմանը հայտարարել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները և հայրենիքից տեղահանությունը Բունդեսթագը կճանաչի որպես ցեղասպանություն:
Ինչպես փոխանցում է Արմենպրեսն, այս մասին SPD-ի նախագահը հայտնել է գերմանական Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում` նշելով, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը կքննարկի հունիսի 2-ի նիստում:
Հաղորդվում է, որ Գերմանիայի «կանաչների» և Ձախերի կուսակցությունները ևս 1915 թվականի իրադարձությունները գնահատել են որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևը Բունդեսթագի օրակարգ էր բերվել անցյալ տարի ևս, որի ընդունմանը խոչընդոտել էր Թուրքիան շարունակական շանտաժի ենթարկելով գերմանական կառավարությանը: