02/05/2016 20:16
Իրավական գնահատական՝ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչների հանդեպ զենքի կիրառման վերաբերյալ
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստարկված իրավական գնահատական՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական զենքի գործադրման, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ:
Ինչպես փոխանցում են ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, իրավական այդ փաստաթղթում հստակ ընդգծված է, որ խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ հարցը քննարկվում է հենց Ադրբեջանի կողմից՝ իր իսկ պոզիտիվ պարտականությունները չկատարելու և դրա համար պատասխանատվություն կրելու տեսանկյունից:
Փաստաթղթում մանրամասն հիմնավորվում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է լրջորեն խախտել մարդու հիմնարար իրավունքները: Միջազգային փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության հիման վրա հիմնավորումներ են բերված, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ուղիղ հակասության մեջ են մարդու իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի՝ միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների հետ:
Դրանից բացի՝ հիմնավոր ցույց է տրված, որ Ադրբեջանն ինքը օգտագործում է՝ սեփական քաղաքացիական բնակավայրերը՝ որպես թիրախ և դրանով իսկ չի կատարում սեփական բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը:
Հաղորդվում է, որ կատարված վերլուծության արդյունքները կներկայացվեն ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան մյուս կազմակերպություններին և օմբուդսմենական միջազգային ու օտարերկրյա հաստատություններին:
Իրավական գնահատականը պատրաստված է նաև անգլերենով: