02/05/2016 13:27
Հանրապետությունում նվազել են մահվան և ծնելիության ցուցանիշները. Կույումջյան
2015 թվականի համեմատ 2016 թվականի առաջին եռամսյակում ժողովրդագրական տվյալների ցուցաներիշները նվազել են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հանրապետությունում գրանցվել է 9171 ծնունդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2.4 տոկոսով: Առավել մեծ թվով ծնունդ է գրանցվել Երևանում, որին հաջորդում են Արարատի և Շիրակի մարզերը. «Թվով ամենաքիչ ծնունդը գրանցվել է Սյունիքի մարզում»:
Կ. Կույումջյանն ընդգծեց նաև, որ ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 մարդու համար կազմել է 12.13 պրոմիլ: «Այսինքն՝ 1000 բնակչի հաշվով 12 և ավելի երեխայի ծնունդ է գրանցվել, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է»,- ասաց նա:
Շուրջ 25 տոկոսով, շարունակեց խոսքը նա, նվազել են նաև մեռելածնության դեպքերը: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցվել է մեռելածնության 139 դեպք՝ նախորդ տարվա 185 դեպքի փոխարեն: Սակայն չի փոփոխվել ծննդաբերության ժամանակ մայրերի մահվան դեպքերը: «Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի գրանցվել է 2 դեպք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 7647 դեպք, ինչը նույնպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 1.4 տոկոս: Յուրքանչյուր 1000 բնակչի հաշվով մահացության դեպքերը կազմել է 10.2 պրոմիլ»,- մանրամասնեց նա:
Կ. Կույումջյանի խոսքով՝ մահացության դեպքերը հիմնականում գրանցվել է արյան շրջանառության, նորագոյացությունների, ներշնչառական խնդիրների հետևանքով:
«Մահացած մարդկանց շուրջ 47.7 տոկոսը մահացել է արյան շրջանառության, 20 տոկոսը՝ նորագոյացությունների, 8 տոկոսը՝ ներշնչառական, 9-ը՝ մարսողական և միայն 4 տոկոսը դժբախտ պատահարների հետևանքով»,- եզրափակեց խոսքը նա: