02/05/2016 14:06
Հանրապետությունում ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը նվազել է. Վիճակագրություն
2016 թվականի առաջին եռամսյակում նվազել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Արձանագրվել է 3824 ամուսնություն՝ նախորդ տարվա 4348-ի փոխարեն: Այսինքն՝ այստեղ արձանագրվել է շուրջ 13 տոկոս նվազում»,- ասաց նա՝ նշելով, որ 1000 բնակչի հաշվով ամուսնության գործակիցը կազմել է 5.1 պրոմիլ՝ նախորդ տարվա 5.9 պրոմիլի համեմատ:
«Այսինքն՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով եղել է 5 ամուսնության դեպք՝ նախորդ տարվա 6-ի համեմատ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա Կ. Կույումջյանի խոսքով, դրանք ևս նվազել են. Եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին գրանցվել էր 938 դեպք, ապա 2016 թվականի առաջին եռամսյակում ամուսնալուծությունների թիվը չի գերազանցում 850-ը:
«Ամուսնությունների միջինից բարձր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 6 պրոմիլ, որին հաջորդում են Կոտայքի և Վայոց Ձորի մարզերը, իսկ ամենացածր ցուցանիշը՝ Շիրակի և Սյունիքի մարզերում: Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա միջինից բարձր ցուցանիշն, ինչպես միշտ, արձանագրվել է Լոռու մարզում՝ 2.6 պրոմիլ, որին հաջորդում է Երևանը և Արագածոտնի մարզը»,- մանրամասնեց նա: