02/05/2016 14:22
Հայ և վրացի երիտասարդների վիճաբանության հետքերով Վրաստանում ՀՀ դեսպանը մեկնելու է Ջավախք
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք՝ Ախալցիխե քաղաքում հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով տեղի ոստիկանության գործողություններին ծանոթանալու և ամբողջական պատկերը հասկանալու համար:
Վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, հաղորդվում է դեսպանության Facebook-ի էջում:
«Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից: Դեսպանությունն արդեն իսկ կապվել է Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար: Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրությունում:
Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ:
Այս պահին ձերբակալվածներ չկան: