02/05/2016 17:05
Նալբանդյան. Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցությունները տապալելու համար
Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն: Այս մասին Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը.
«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները՝ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը հիշեցրել է, որ չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը 1994թ.-ի մայիսին ստիպված էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրեր.
«Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր: Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանն՝ ընդգծելով՝ սա այն էր, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:
«Այսքանից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում»,- ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարը: