02/05/2016 17:27
Նալբանդյան. Ադրբեջանը բացառիկ վայրագություններ է կատարել ԼՂ քաղաքացիական բնակչության հանդեպ
Քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերը բացառիկ վայրագություններ են կատարել: Այս մասին այսօր Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը.
«Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման»,- ասել է ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ ԼՂ քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:
Էդվարդ Նալբանդյանը շեշտել է՝ տեղի ունեցողը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է.
«Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»,- ասել է Է. Նալբանդյանը: