02/05/2016 15:23
ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի նոր ռազմական հարձակումն անկանխատեսելի հետևանք կունենա ամբողջ տարածաշրջանի համար
Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, ինչը անկանխատեսելի բացասական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ընթացքում Է.Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանը, կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր ծփման գծի ամբողջ երկայնքով, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը, իրականացնում է սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում:
«Այդպիսով նա փորձում է հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», - շեշտել է Է. Նալբանդյանը:
Նա ընդգծել է նաև, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:
Իր հերթին Թիմո Սոինին նշել է, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։
«Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,- ընդգծել է Ֆինլանդիայի արտգործնախարարը։