02/05/2016 16:29
Երևանն ու Հելսինկին կընդլայնեն իրավապայմանագրային դաշտը
Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարներն այսօր կայացած հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Հելսինկիում կայացած հանդիպմանը Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինի հետ նախարար Էդվարդ Նալբանդյանը պայմանավորվել է նաև ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:
Երկուստեք կարևորվել է նաև խորհրդարանների միջև շփումների խթանումը։
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին:
«Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը»,- նշել է Է. Նալբանդյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:
Հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրել է Հայաստան: