02/05/2016 19:53
«Վերնիսաժի» տարածքում առևտուրը կկանոնակարգվի
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն հանձնարարել է 12 վարչական շրջանների, քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների և ավագանու անդամների հետ քննարկել «Վերնիսաժի» տարածքում առևտրի կանոնակարգման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետանի մամուլի ծառայությունից:
«Տարածքի բարեկարգման և արդիականացման աշխատանքներին զուգահեռ պետք է հստակ կանոնակարգենք նաև այդ տարածքում առևտրի կազմակերպման հարցը: Բոլոր ուղղություններով պետք է կայացնենք հստակ որոշումներ, որպեսզի հետագայում վարձակալին ներկայացնենք մեր մոտեցումներն ու պահանջենք դրանց կատարումը»,- այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ մայրաքաղաքում սկսվել են այս տարվա ծրագրով նախատեսված բակային տարածքների նկարազարդման և մետաղյա կառուցվածքների ներկման աշխատանքները: Հանձնարարվել է նաև վերոնշյալին զուգահեռ իրականացնել նաև նստարանների ու աղբամանների թարմացման աշխատանքներ:
Քաղաքապետը հատուկ հանձնարարականներ է տվել նաև նախապատրաստվել Շուշիի ազատագրման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև Առաջին Հանրապետության տոներին նվիրված միջոցառումներին: