02/05/2016 14:54
ՀՀ-ում մշտական բնակչությունը՝ 2 մլն 994 հազար 400
2016 ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2.994.400: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազել է՝ 12.300-ով կամ բնակչության ընդհանուր թվի 0.4 տոկոսով: Այդ նվազումը պայմանավորված է միգրացիայով»,- ասաց նա՝ շեշտելով, որ բնակչության թվաքանակի հաշվարկի համար միգրացիայի ցուցնիշները գնահատվում են՝ հիմք ընդունելով տնային տնտեսությունների ինտեգրացված հետազոտությունների միգրացիոն արդյունքները:
«Հաշվի առնելով այն, որ միգրացիայի վարչական սկզբնաղբյուր հանդիսացող ոստիկանության տվյալներն ամբողջական չեն համարվում, մենք ուսումնասիրություններն իրականցնում ենք այդ տվյալներով, քանի որ մարդիկ իրենց մեկնումների ու ժամանումների մասին ոստիկանությանը չեն տեղեկացնում»,- ասաց նա:
Կ. Կույումջյանը հիշեցրեց նաև, որ 2011 թվականի հոկտեմբեր ամսին իրականացված մարդահամարի տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում էր 3 մլն 18 հազար: «Իսկ նախորդ տարի այդ թիվը կազմել էր 3 մլն 6 հազար 700: Այսինքն՝ մեր Հանրապետությունում դեռևս բնական հավելաճը պահպանվում է, բայց հաշվի առնելով միգրացիայի բացասկան հետևանքները՝ բնակչության թվաքանակում նվազում է արձանագրվել»,- եզրափակեց նա: