02/05/2016 18:43
ՀՅԴ-ն կմասնակցի առաջիկա ՏԻՄ և ԱԺ ընտրություններին
ՀՅԴ-ն մասնակցելու առաջիկա տեղական ինքնակառավարման և ՀՀ ԱԺ ընտրություններին: Այս մասին որոշումն ընդունվել և հաստատվել է ապրիլի 29-ից մայիսի 1-ն Աղվերանում կայացած ՀՅԴ Գերագույն ժողովի նիստի ժամանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մամուլի ծառայությունից՝ Հ.Յ.Դաշնակցությունը մասնակցելու է իր ներուժի ողջ կարողականությամբ, կառույցի կազմակերպվածությամբ` տարբեր մակարդակներում ընդլայնելով իր ներկայությունը, նպատակ հետապնդելով առավել գործուն ազդեցություն ունենալ երկրին ուղղված մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման գործում:
Քննարկվել է նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Անդրադարձ է կատարվել նաև անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծություն: Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռման մթնոլորտում հաստատել է նաև կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու մարտավարությունը:
Անդրադարձ է եղել նաև ՀՀԿ-ի հետ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագրին, դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և առաջնահերթությունների հետևողական իրագործմանը՝ դիտելով որպես երկրում արմատական ու որակական փոփոխություններ ապահովող գործողությունների ծրագիր:
Այնուհետև կուսակցությունը վերահաստատել է դիրքոշորումը՝ ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և մեխանիզմների շրջանակում նախանձախնդիր հետևողականորեն դերակատար դառնալու երկրում սոցիալական արդարություն, արդար դատական համակարգ սահմանող, մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորող, արդյունավետ կառավարում, ազատ ընտրություններ ապահովող, աղքատությունը, գործազրկությունն ու արտագաղթը հաղթահարող համակարգ հաստատելու ուղղությամբ: