02/05/2016 17:19
ՀՅԴ-ն շարունակելու է կառույցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային ճանաչմանը
ՀՅԴ-ն շարունակելու է համահայկական կառույցի ողջ ներուժն ուղղորդել ԼՂՀ միջազգային ճանաչման, հայապահպանութան, Հայ Դատի, ինչպես նաև ՀՀ միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին: Այս մասին որոշումն հաստատվել է Աղվերանում կայացած Գերագույն ժողովի նիստի ընթացքում, որտեղ քննվել է ԼՂՀ շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը: Այս մասին հայտնում են ՀՅԴ մամուլի ծառայությունից:
ՀՅԴ Գերագույն Ժողովը միաժամանակ նաև խոր մտահոգություն է հայտնել այն բացթողումների, խնդիրների ու մարտահրավերների առնչությամբ, որոնք ի հայտ են եկել հատկապես քառօրյա պատերազմի ընթացքում:
Գերագույն ժողովը վերահաստատել է նաև Արցախի ազգաբնակչության ազատ կամարտահայտմամբ դրսևորված հիմքերով ԼՂՀ հիմնախնդիրը հանգուցալուծելու ՀՅԴ անզիջում վճռականությունը, շեշտել հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով կարգավորելու, ԼՂՀ-ն որպես բանակցային կողմ ներգրավելու, ինչպես նաև միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ ամբողջական անվտանգության երաշխիքներն ամրագրելու անհրաժեշտությունը:
Բանակցային գործընթացը դիտելով որպես ԼՂՀ հիմախնդրի կարգավորման միակ նախընտրելի տարբերակ` Գերագույն ժողովն անհետաձգելի առաջնահերթություն է գնահատել ՀՀ և ԼՂՀ պետականությանն ու ազգաբնակչության անվտանգությանն ուղղված ադրբեջանական շարունակական ագրեսիայի չեզոքացման գործողությունների ծրագիրը: Առաջնահերթություն է որակվել նաև ՀՀ և ԼՂՀ անվտանգության միասնական համակարգի ամրապնդումը: Գերագույն ժողովն արձանագրել է բանակաշինության, պաշտպանական ոլորտում գրանցված մարտահրավերներն ու թերացումները` ընդգծելով այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և համարժեք պատասխանատվության կարևորությունը:
Գերագույն ժողովը վերահաստատել է նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները դիմագրավելու` կուսակցության հանձնառությունը` պատասխանատվություն ստանձնելով համահայկական իր ողջ կարողականությունը նպատակաուղղելու Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը, երկրում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական առաջընթացի և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը: