03/05/2016 09:49
«Գրանտ Տաբակոյի» աշխատակիցներին իրազեկել են, որ արտադրամասերի գործունեությունը, հնարավոր է, մեկ ամսով դադարեցվի
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Գրանտ Տաբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել է, որ առաջիկայում հնարավոր է՝ արտադրամասերի գործունեությունը դադարեցնի և արտադրանք չտա: Այս մասին «Ժողովուրդին» ահազանգել են ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորների օրվա նվիրված միջոցառմանը:
Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդը» փորձեց «Գրանդ Տոբակոյից» մեկնաբանություն ստանալ, սակայն ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանել է, որ իրենք աշխատում են, և հրաժարվել է այլ հարցերի պատասխանել:
Նկատենք, որ վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնականում շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա: Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, և դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր: